BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Հայաստանում ամեն մի թերություն ես ցավագին եմ տանում»

«Հայաստանում ամեն մի թերություն  ես ցավագին եմ տանում»
08.11.2013 | 00:01

Երբ Բագրատ Ստեփանյանին հանդիպեցի փողոցում, ասաց. «Նոր Ռուբեն Հայրապետյանը մեքենայով անցավ ու հազիվ գլխով բարևեց» (խոսքը ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանի մասին էր): Ասածի մեջ հեգնանք կար: Երկար տարիներ Բագրատը եղել է ֆուտբոլիստ, ապա մարզիչ ու այս վերաբերմունքը պատճառաբանում է իր չափից դուրս ուղղախոսությամբ: Երկու զինվորների հայրը, ով տասը տարուց ավելի ուսումնասիրում է Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, այսօր հպարտանում է իր որդիներով: Մեծին, ի պատիվ մեծ զորավարի, անվանակոչել է Նժդեհ, փոքրին` Գագիկ, երկուսն էլ սովորել են Բագրատի ազատամարտիկ եղբոր` Գագիկ Ստեփանյանի անունը կրող դպրոցում: Բանակում երկուսն էլ «գերազանցությամբ» են ծառայել, ստացել են պարգևներ, ի դեպ, Նժդեհին հայրը բանակ է ճանապարհել «օրկեստրով»: «Նրան հանձնեցի թուրն ու ասացի` պատվով ծառայիր: Յուրաքանչյուր հայ պետք է ծառայի: Սա մեր երկիրն է, որ մենք չծառայենք, ո՞վ է մեր փոխարեն դա անելու: Հայաստանում ամեն մի թերություն ես ցավագին եմ տանում: Իմ իդեալն արիական հայն է: Ես առանց Հայաստանի կյանք չունեմ: Ես չեմ պատկերացնում, որ իմ երեխաները պիտի երկրից գնան, ձուլվեն, մեր չքնաղ լեզուն մոռանան»:
Գագիկն առաջիկայում մասնակցելու է նաև «Հայ ասպետ» հեռուստախաղին: Եվ Նժդեհը, և Գագիկը սովորում են բուհում, որը կիսատ են թողել ու բանակ գնացել: Նժդեհը վերջերս է զորացրվել ու արդեն շարունակում է ուսումը: «Նժդեհն ինձ նման է, ճակատին ասող, ըմբոստ: Ասել եմ՝ եթե գնաս իմ ուղիով, անընդհատ քյալլա տաս էստեղ-էնտեղ, ոչ մի բանի չես հասնի, քեզ ողջ կյանքդ Գագոն է պահելու: Կրթություն էլ ունեն, գրագիտություն էլ, բայց քյալլա տվող մարդիկ պետք չեն: Իսկ Գագոն ուրիշ տեսակ է, մեծ հաջողություն կունենա: Ճակատային չէ, շատ լավ բնավորություն ունի, դրական աուրա, բոլորը սիրում են»,- ասում է Բագրատը ու նշում, որ տղաների մեջ սերմանել է երկու կարևոր բան` տղամարդկություն և «ախպերություն»:
Խոսելով որպես երկար տարիներ Գարեգին Նժդեհի կյանքն ուսումնասիրած մարդ, որը որոշ ժամանակ ԱԻՄ-ի համախոհ է եղել, բայց երբեք կուսակցական չի դարձել, Բագրատ Ստեփանյանը ցավով փաստում է. «ՀՀԿ-ն ոչ մի կապ չունի Նժդեհի հետ, կա նրա գաղափարախոսությունը կրող մի քանի մարդ: Եթե ՀՀԿ-ն Նժդեհի գաղափարների կրողն է, թող իրենց կրթության նախարարը դպրոցներում որպես առարկա մտցնի Նժդեհի գաղափարախոսությունը»:
Ի դեպ, Մաշտոցի պողոտայում կատարված վերջին դեպքերը Բագրատին խոր ցավ են պատճառում, քանի որ անձամբ ճանաչում է Շանթին: «Երբ իմացա, որ էդպիսի նպատակներ ունի, գնացի իրենց տուն: Ասացի, ա՛յ տղա, երբ բանտում էիր, քույրդ քո դարդից, սթրեսից մահացավ: Շանթն էն տղեն չէ, որ ինչ-որ փողի դիմաց քայլ անի: Ինքն անձնուրաց տղա է, իր համար փող-մող չկա: ՈՒղղակի շատ է սիրում իր երկիրը: Շանթին ասում էի` քաղաքականությունից հասկացող տղա ես, էս քո հագով բան չի»:
Մի ուշագրավ դրվագ բացահայտվեց մեր զրույցի ընթացքում: Խորհրդային տարիներին Բագրատ Ստեփանյանը «հակասովետական» գործեր է «բռնել»` անձնական անվտանգությունը վտանգելով, ֆուտբոլային հյուրախաղերի ժամանակ Ֆրանսիայից Հայաստան է բերել «Դաշնակցության ալբոմը», որը հանձնել է Ազգային գրադարանին: Ի միջի այլոց, սա Բագրատի միակ խիզախությունը չէ, և այլ հետաքրքիր մանրամասների «Իրատես de facto»-ն մեկ այլ առիթով կանդրադառնա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ